Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Անտոն Սուրյան

Անտոն Սուրյան

Ճարտարագետ, գյուտարար, զինագործ, դեղագործ, բժիշկ, համաճարակաբան, բարերար Անտոն Հովսեփի Սուրյանը ծնվել է մոտավորապես 1539թ., ենթադրաբար՝ Սիրիայում։ Հիշատակվում է նաև՝ Անտոնիո Սուրյան կամ Սուրիանո:

 

1559 թ., երբ Անտոնը Կիպրոսից շաքար ու գինի տեղափոխող նավատորմից իջավ Սքիավոնյան ափ, հավանաբար, ընդամենը 20 տարեկան էր։

 

XVI դարում Վենետիկ ժամանող արևելքցիները հայտնում էին իրենց անձնական տվյալները` մկրտության ժամանակ տրված անունը և այն քաղաքի կամ երկրի անունը, որտեղից եկել էին։ Եվ քանի որ Անտոնը եկել էր Սիրիայից (Սուրիա), նրան գրանցում են որպես Անտոնիո Հայ Սուրյան (Surian Antonio detto Armeno)։

 

Անտոնը, ինչպես բոլոր հայերը, հաճախել է Վենետիկի Հայկական թաղամասում (Հայոց նրբանցքում) գտնվող հայկական Սուրբ խաչ եկեղեցի և մասնակցել պատարագներին։ Քաղաքում նրան ճանաչում էին Անտոնիո Հայ անունով։

 

Վենետիկի պետական արխիվում հայտնաբերված փաստաթուղթը վկայում է, որ 1561 թ. հունիսի 24-ին Սուրյան ազգանունով ստորագրած հայը աշխատանքային խնդրագիր է գրել Ջիրոլամո Պրիուլի դոժին։

 

Չնայած երիտասարդ տարիքին` Անտոնը ոչ միայն լավատեղյակ էր առևտրական ու ռազմական նավատորմի տեխնիկային, այլև տիրապետում էր տարաբնույթ գիտելիքների, ինչը նրան մղում էր ամեն գնով մտնելու Սան Մարկոյի հանրապետության ռազմածովային ծառայության մեջ։ Նրա դիմումն ընդունվում է, և նա փորձնական ժամանակաշրջանով աշխատանքի է ընդունվում զինանոցում։

 

Շուտով մարդիկ հասկանում են, որ Վենետիկի հանրապետության համար Անտոնը անգնահատելի ձեռքբերում է, քանի որ նա շատ արագ աչքի է ընկնում իր բազմակողմանի գիտելիքներով ու փայլուն ընդունակություններով։ Այս բոլորի հետևանքը եղավ այն, որ Անտոնը արժանացավ ճարտարագետի կոչման։

 

Իր համեստ ու մարդամոտ բնավորության, փայլուն գիտելիքների ու տաղանդի շնորհիվ Անտոնը վայելում էր հասարակ մարդկանց սերը, գործընկերների համակրանքը, ղեկավարների հարգանքը և կառավարության վստահությունը։

 

Անտոնի տաղանդը դրսևորվում է նաև հրազենագործության մեջ։ Նա սկսում է հետաքրքրվել նաև արբալետների պատրաստման եղանակներով։

 

Շուտով նա սիրահարվում է ու սիրային նամակներ հղում Վենետիկում արբալետներ պատրաստող մի հմուտ վարպետի աղջկա` Կյարային։ Նրանք ամուսնանում են և տասը տարվա ընթացքում վեց զավակ ունենում։ Նրա զավակներից (օրինակ` Իզեպպո Սուրյանը), թոռներից ու ծոռներից ոմանց անունները ավելի քան 100 տարի հիշատակվում են Վենետիկի զինանոցի փաստաթղթերում։

 

Անտոնիո Սուրյանի առաջին մեծ հաջողությունը եղավ մեծ նավերը ջուրն իջեցնելու համար նրա մշակած ծրագիրը, ինչպես նաև` դարերի ընթացքում կուտակված թափոններից ծովածոցը մաքրելու համար հորինած մեքենան։

 

Ա. Սուրյանը 1571 թ. մասնակցում է Կորնթոսի ծովամարտին, կառավարում հրանոթների ի՛ր իսկ հնարած դասավորությունը և, վտանգելով անձը, արագորեն նորոգում վթարված նավերը։

 

1571 թ. հոկտեմբերի 7-ին Լեպանտոյի հռչակավոր ճակատամարտում Պատրասո ծովածոցի խաղաղ ջրերում կատաղի ուժով իրար են բախվում Խուան Ավստրիացու գլխավորած քրիստոնյա ռազմական նավատորմը և Ալի փաշայի ղեկավարած թուրքական նավատորմը։ Անտոն Սուրյանը, գտնվելով Ֆրանչեսկո Դուոդոյի գլխավորած առաջին ռազմանավում, հարձակման բոլոր միավորների վրա արդեն նախապատրաստել և նոր եղանակով դասավորել էր իր պատրաստված թնդանոթները, որոնք դիպուկ, արագ, անվրեպ ու անողոք ռմբակոծում էին թուրքական նավերը` խուճապի մատնելով թշնամուն։ Այդ օրը հայ ճարտարագետը խորտակումից փրկում է Դուոդոյի ռազմանավը` միանգամայն նոր եղանակով փակելով արկից առաջացած ճեղքվածքը։

 

Անտոնը հատուկ հնարամտության միջոցով ջրի երես է հանում վենետիկյան խորտակված մի թնդանոթաձիգ առագաստանավ` իր բոլոր արժեքավոր մասերով։ Այնուհետև վերականգնում է Ջիրոլամո Կոնտարինիի «Գալեոնի» երեք հսկա թնդանոթները։ Չափազանց օգտակար են լինում նրա խորհուրդները` կազմակերպելու համար «Տանան», որտեղ արտադրվում էին նավաշինության մեջ լայնորեն օգտագործվող տարբեր տեսակի պարաններ, ճոպաններ ու մալուխներ, ինչպես նաև` «Երկաթե այգին», որում պահվում էին թնդանոթները։


Ինչպես գրում են «Հայկական Վենետիկ» գրքի հեղինակներ Ալերամո Հերմետը (ծագումով հայ` Հերմեթյան տոհմից) և Պաոլո Կոնի Ռատտի դի Դեզիոն՝ «Լեպանտոյի ճակատամարտում թուրքերի պարտությունը Եվրոպայի համար եղավ ճակատագրական»։ Իսկ ճակատամարտում իր անձնուրացությամբ ու ռազմատեխնիկական գիտելիքներով փայլեց հայ ճարտարագետը։

 

Մեր օրերի նշանավոր պատմաբան և հետազոտող, Վենետիկի համալսարանի և Հռոմի Արևելյան հոգևոր ինստիտուտի պրոֆեսոր Լևոն Զեքիյանը այդ իրադարձության մասին գրել է. «...Սուրյանի ստեղծած անվրեպ թնդանոթները քրիստոնեական ուժերի հաղթանակի գաղտնիքն էին»։

 

1575 թ. Վենետիկում սկսվում է ժանտախտի ահավոր համաճարակ։ Հանրապետության ղեկավարների ձեռնարկած միջոցառումները արդյունք չեն տալիս։ Շուտով համաճարակն այնքան է ընդլայնվում, որ Սան Մարկոյի ծովափում կառուցվում է նավերից բաղկացած մի հիվանդանոց, որը լեցուն էր ժանտախտով հիվանդ հարյուրավոր մարդկանցով։ Տեսնելով ժանտախտի համաճարակի ահագնացող չափերը` Անտոն Սուրյանը կառավարությանն առաջարկում է իր բժշկական օգնությունը։ Այդ ժամանակ Վենետիկի Հանրապետությունում բժշկական գործունեությունը կարգավորող օրենքներն այնքան խիստ էին, որ դատախազությունը խստագույնս պատժում էր ապօրինի բուժողների ցանկացած փորձ (այս իմաստով անհամեմատելի են XVI դարի Վենետիկի Հանրապետությունը և XXI դարի Հայաստանի Հանրապետությունը - ՀՄ)։ Սակայն կառավարությունը, տեղյակ լինելով, որ Սուրյանը դեռևս 1571 թ. նավային ճակատամարտերի ժամանակ իր պատրաստած դեղերով շատ վիրավորների էր բուժել ու փրկել, ընդունում է նրա օգնության առաջարկը և նրան վստահում Վենետիկի մի ամբողջ Դորսոդոտո թաղամասի բնակչության փրկության գործը։

 

1575 թ. հուլիսի 21-ից Սուրյանը, դրսևորելով գերմարդկային արիություն ու կազմակերպչական ոգի, ձեռնամուխ է լինում բռնկված համաճարակի դեմ պայքարին։ Նա ամբողջովին նվիրվում է մարդկանց փրկելու սրբազան գործին և, իր պատրաստած ուժեղ դեղով անհատույց բուժելով, փրկում հազարավոր մարդկանց կյանքեր։

 

Կանգ առնելով Անտոն Սուրյանի դեղագործական և բժշկական կարողությունների վրա` կարելի է ենթադրել, որ նա, անկասկած, տիրապետել է նավային ճակատամարտերի ժամանակ բազմաթիվ վիրավորներին բուժելու, ինչպես նաև` ժանտախտը կանխելու և բուժելու համար նախատեսված տարաբնույթ դեղերի պատրաստման գաղտնիքներին։ Իսկ դա նշանակում է, որ նա կարդացել կամ ձեռքի տակ ունեցել է ինչ-որ բժշկարան, որի մասին անտեղյակ էին XVI դարում քաղաքակրթության կենտրոն հանդիսացող Վենետիկի բժիշկները։ Հասկանալի է, որ նա կարող էր ունենալ ինչ-որ հայերեն բժշկարան, ասենք` Ամիրդովլաթ Ամասիացու «Ուսումն բժշկութեան» (Կ.Պոլիս, 1459 թ.), «Ախրապատին» (Կ.Պոլիս, 1459 թ.), «Բառք այբուբենական ի վերայ ցաւոցն» (1468 թ.), «Օգուտ բժշկութեան» (Ֆիլիպոլ, 1466-1469 թ.թ.), «Անգիտաց անպէտ» (Կ.Պոլիս, 1478-1482 թ.թ.) գրքերից մեկը։ Ի դեպ, Ամիրդովլաթի «Անգիտաց անպետ» աշխատությունն ընդգրկում է 3754 անուն դեղանյութ և դեղագիտական գրականության մեջ աշխարհում առաջինն է։

 

Անտոն Սուրյանի բազմաթիվ սխրագործությունների և բարեգործությունների համար մարդկայնորեն ակնկալվում էր նրա նկատմամբ Վենետիկի պետության համապատասխան գնահատականը։ Սակայն կառավարությունն աչքի չի ընկնում իր շռայլությամբ և բավարարվում է նրանով, որ տաղանդավոր ու քաջարի հային մշտական ծառայության մեջ է պահում զինագործարանում` նրան ցմահ տրամադրելով անվճար սնունդ։

Կառավարության նման վերաբերմունքը խիստ վշտացնում է Սուրյանին։ Վաթսուն տարին չբոլորած Անտոնիո Սուրյանը մահանում է 1591 թ.օգոստոսի 22-ին, Վենետիկում։ Նրան թաղում են Սեն Մարտին եկեղեցում։

 

1577 թ. հուլիսի 17-21-ին Վենետիկում ժանտախտի համաճարակը հայտարարվում է հաղթահարված։ Պարզ է դառնում, որ Սուրյանը փրկել էր ոչ միայն հազարավոր մարդկանց, այլև` ամբողջական ընտանիքների կյանքը և դրա դիմաց ոչ միայն վարձատրություն չէր խնդրել, այլև` իր գրպանից էր առատորեն վճարել։ Վենետիկի Հանրապետության Սենատի որոշմամբ Ա.Սուրյանը պարգևատրվում է, իսկ հուլիսի 17-ը հռչակվում է Փրկության օր, և դրա պատվին կառուցվում է սուրբ Փրկիչ եկեղեցին։

Հեղինակ. Հարություն Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-10-2008 (14)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը
ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին
ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Բժշկական համալսարանում  100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը
Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր...

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին
ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը
Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը
Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ
Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ
Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ